Իմ Ջենովան

2015-06-26
Իմ Ջենովան

   

-Եվ աշխարհում հաստատ կա մեկ ուրիշ քաղաք նաև կամ քաղաքներ, որտեղ չես ծնվել, բայց որոնց հետ հանդիպումը քեզ պլանավորել է վաղուց, տնօրինել է քո ժամանակը, դասավորել է ճամպրուկդ, բոլոր անծանոթ բույրերը մոտեցրել է քթիդ ու ասել. «Տես՝ դու չգիտեիր, որ իմ մեջ ես ապրել վաղուց, այս բույրերը իրենց բացակայությամբ ճանկռել են ներսդ, ու դու չճանաչելով, չհիշելով չես մոռացել դրանք»… Այդպես էր հանդիպումը Ջենովայի հետ: Վախենում եմ ասել «իմ», որովհետև ցանկացած «իմ» ձեռք է բերվում, իսկ Ջենովան հարազատի պես՝ առանց ավելորդ ձևականությունների, եվրոպական անփութությամբ եկավ ու կանգնեց կողքիս: Այդուհանդերձ՝  «իմ», որովհետև որևէ ծեքծեքում չկար իտալերեն բարևող առաջին պատահած մարդու ձայնում ու աշխատանքի-տուն-սիրախաղի շտապող աղջիկ-տղաների երկանիվ մոպեդ-ազատությունների մեջ: Փողոցում կարող էիր քայլել մերկ, խելագարի պես, ամեն օր ժպտալ նույն ծառին, նույն ծառի նույն հազար բողբոջներին, ու ոչ ոք քեզ չէր նկատի կամ նկատելով չէր նախատի՝ ոտքիցդ գլուխ հայացքը սահեցնելով:  Շենքերի արանքից ծիկրակող գողտրիկ, գունավոր բակերի չափ ես սիրեցի տների ճակատների սևությունը: Մտովի մաքրում էի, դարձնում ճեփ-ճերմակ, բայց կորցնում էի շենքի շնչառությունը: Շենքերն օղակած քանդակներին, թվում էր թե ամենուր ապրող քարե ու կտավե բնակիչներին նայելիս փոքրանում էի, ու շատ հաճելի էր այդ փոքրանալը անսահմանի հետ հաղորդակցվելիս... Սիրո, քնքշանքի դրսևորման գժվելու ձևեր ունի Ջենովան... Փառատոնի եկած հանդիսատեսի համար իտալերեն բանաստեղծություն էին կարդում, և իտալերեն չիմացողներին բանաստեղծությունը քաղցր մի մեղեդի էր թվում: Տարեց մի զույգ էլ կար. տղամարդը պոեզիան իր մատներով թմբկահարում էր կնոջ՝ նեի պարանոցին, ու տողն ինձ ավելի գեղեցիկ էր թվում: Պոեզիան նրա մատներով շոյում էր նեի պարանոցը, ու ես երազում էի այդպիսի ծերության մասին...Պոեզիա և Ջենովա. համադրություն, որ հաճելի գլխապտույտ է առաջացնում...        

Ռուզաննա Ոսկանյան